ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այս գիշեր հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում, 1 մարդ տուժել է, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 2-ին, ժամը 03:35-ին, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։55-ին, մարվել՝ 04։30-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ՝ գույքով), մասամբ ջերմահարվել ու վնասվել են սանհանգույցի դուռն ու 2-րդ հարկի պատուհանները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի երկրորդ հարկ։