Զելենսկին ասել է՝ ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում

ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները Ստամբուլում կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում, հայտնում է TRT հեռուստաալիքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիևի պատվիրակությունը ներկա կլինի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին, որը պետք է տեղի ունենա հունիսի 2-ին:
«Առաջինը՝ լիակատար և անվերապահ հրադադար։ Երկրորդ՝ գերիների ազատ արձակում։ Երրորդ՝ առևանգված երեխաների վերադարձ։ Եվ հուսալի ու տևական խաղաղություն հաստատելու և անվտանգությունը երաշխավորելու համար՝ պատրաստել հանդիպումը ամենաբարձր մակարդակով։ Հիմնական հարցերը կարող են լուծել միայն ղեկավարները: Մեր պատվիրակությունը երկուշաբթի կգլխավորի Ռուստեմ Ումերովը»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում:
Հունիսի 2-ին Ստամբուլում սպասվում է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: Դրանց անցկացման առաջարկով հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմն արդեն հուշագիր է պատրաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումներով:
Կրեմլում նշել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Զելենսկու հետ, սակայն նրանց շփումը պետք է լինի կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք։
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում: Դրա արդյունքներով կողմերը պայմանավորվել են նախապատրաստել կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները, ռազմագերիների խոշոր փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով և շարունակել երկխոսությունը: