ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ պատրաստ են կազմակերպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ հիմա կարևոր է բանակցություններ կազմակերպել Ստամբուլում, քանի որ բանակցային սեղանի շուրջ ներկայությունը հնարավոր է դարձնում առաջընթացի հասնելը:
«Եղել է գերիների փոխանակում, կողմերը համաձայնել են կրակի դադարեցման առաջարկներ պատրաստել։ Հուսով եմ, որ առաջիկա բանակցություններում հիմնականում կավարտվեն տեխնիկական աշխատանքները, ինչից հետո կարելի է խոսել առաջնորդների գագաթնաժողովի մասին՝ կայուն հրադադարի հասնելու համար։ Պարոն Թայիփ Էրդողանը պատրաստ կլինի ընդունել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ գագաթնաժողովը»,-ասել է Ֆիդանը Կիևում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ ասուլիսի ժամանակ։
Այժմ Թուրքիան Կիևի հետ խորհրդակցություններ է անցկացնում հունիսի 2-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու շուրջ։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 29-ին տեղեկացրեց, որ Կիևը դեռ չի պատասխանել իրենց առաջարկին։