ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական ուղիղ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական կողմերը», - ասվում է մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 29-ին տեղեկացրեց, որ Կիևը դեռ չի պատասխանել իրենց առաջարկին։