ԱՄՆ–ն չի պատրաստվում պատվիրակություն ուղարկել ՌԴ–Ուկրաինա հնարավոր բանակցություններին․ ԶԼՄ

Ուկրաինան դեռ չի պատասխանել հունիսի 2-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու առաջարկին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն չի ծրագրում պատվիրակություն ուղարկել Ստամբուլ, որտեղ հնարավոր է` հունիսի 2-ին ռուս–ուկրաինական բանակցությունների նոր փուլ անցկացվի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Atlantic» ամսագրին:
«ԱՄՆ-ն չի պատրաստվում պատվիրակություն ուղարկել»,- գրում է լրատվամիջոցը` միաժամանակ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջընթաց տեսնել հակամարտության կարգավորման գործընթացում:
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 29-ին տեղեկացրեց, որ Կիևը դեռ չի պատասխանել իրենց առաջարկին։