Պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տա․Խաչատրյան

Sputnik
Այսօր առավոտյան եկեղեցու դեմ վարչապետ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, այսպես կոչված, արշավը շարունակվում է։ Փաշինյանը ֆեյսբուքում նախ մեջբերում է արել Մատթեոս առաքյալից, ապա ոչ եթերային բառապաշարով արտահայտվել սրբազաններից մեկի հասցեին։ Աննա Հակոբյանն էլ հոգևորականներին անվանել է երկրի գլխավոր մանկապիղծներ, և իր ֆեյսբուքյան ստատուսում օգտագործել երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզ արտահայտությունը։
Ազգային ժողովի խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա համընկան Շվեյցարիայում Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ կայացած համաժողովի հետ, որը նվիրված է Արցախում հայկական հուշարձանների և եկեղեցիների պահպանմանը։
«Պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ, կրթող ու կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին»,- ասել է Խաչատրյանը։