Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար պատասխանատվության կարգ սահմանված չէ.Խալաֆյան

Sputnik
Ազգային ժողովում մայիսի 7-ին կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, թե ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանության տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները, զայրացավ ու հայտարարեց, թե մամուլը դատական իշխանություն չէ։
«Եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվենք, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»,-ասաց Փաշինյանն ու հորդորեց ընդդիմադիրներին «վեր ընկնել տեղներն» ու «չուտել իր ներվերը»։ Քիչ անց Փաշինյանը ընդդիմադիրներին «համբալ» անվանեց։
Այս միջադեպից մի քանի օր անց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ։
«Վարույթով իրականացվելիք ուսումնասիրությունների համար սահմանված է 90 օր։ Վարչապետի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելու դեպում այդ մասին հրապարակում կլինի, սակայն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար պատասխանատվության կարգ սահմանված չէ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը։