ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այս գիշեր Ստավրոպոլում բնակելի շենքերից մեկի մոտ պայթյուն է որոտացել, որի հետևանքով 2 մարդ է մահացել։ Նրանցից մեկը ռազմական հատուկ գործողության վետերան, Ստավրոպոլի քաղաքապետի առաջին տեղակալ Զաուր Գուրցիևն է:
Զաուր Գուրցիև
© Photo : "Время героев"
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Տան բակում հայտնաբերվել է երկու տղամարդու մարմին՝ պայթյունի ալիքի ազդեցությանը բնորոշ վնասվածքներով։
Ըստ տեղեկությունների՝ Գուրցիևին է մոտեցել մի մարդ, որն իր վրա կամ պայուսակում ինքնաշեն պայթուցիկ սարք է կրել։ «Shot» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նա 29-ամյա Նիկիտա Պենկովն է, որը բնակարան է վարձել Չեխովի փողոցում գտնվող տանը, որի բակում էլ տեղի է ունեցել միջադեպը։
Ինչպես հայտնել է մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը, դիտարկվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ Ուկրաինայի մասնակցությամբ ահաբեկչության կազմակերպման: Քաղաքապետ Իվան Ուլյանչենկոն հայտնել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի մեքենաներ, սակայն տունը չի վնասվել:
Գուրցիևը քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի սեպտեմբերի 23-ից։ Նա պաշտպանության նախարարության կադրային սպա էր, ղեկավարում էր Ավիացիայի մարտական կառավարման կենտրոնը: