ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հարազատներն ընդգրկվել են ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի տվյալների բազայում։ Դրան ուշադրություն է դարձրել RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն։
Բացի այդ, կայքում սպառնալիքներ են տեղադրվել 2018 թվականից «Միրոտվորեց»–ի բազայում ներառված Մեդինսկու երեխաների հասցեին։ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել սպառնալիքների կապակցությամբ:
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին: