Կիևը դեռ չի պատասխանել Ստամբուլում նոր բանակցություններ անցկացնելու առաջարկին. Պեսկով

ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ուկրաինան դեռ չի պատասխանել Ստամբուլում նոր բանակցություններ անցկացնելու առաջարկին, որ ներկայացրել է ռուսական կողմը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք հունիսի 2-ին կրկին հավաքվել Ստամբուլում երկրորդ փուլի համար։ Առայժմ, որքան ինձ հայտնի է, պատասխան չի եղել», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին: