Հայաստանում 1 օրում 2 ավտովթարի հետևանքով 2 մարդ մահացել են, կան բազմաթիվ վիրավորներ

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Անահիտ Ավանեսյանը տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ է հաղորդել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Այսօր առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայերի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է ՆԳՆ–ն։ ՃՏՊ–ի հետևանքով 1 մարդ մահացել է, 12–ը` վիրավորվել։
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բռնկվել: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացնում են հերթապահություն:
Քուչակի մոտ գրանցված ավտովթարը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ Ապարան- Քուչակ ճանապարհի ավտովթարի հետևանքով տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:
«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան»,–հայտնել է նա:
Վանաձորում գրանցված ավտովթարը
Իսկ ժամը 1։00–ի սահմաններում Վանաձոր քաղաքի սկզբնամասում «Լադա» մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին կայանված վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարի անիվներին և երկաթե հատվածին։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 մարդ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարը հայտնել է, որ Վանաձորի վթարի հետևանքով 5 տուժածից 4–ը տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում են «Վանաձոր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Նա հորդորել և խնդրել է պահպանել ՃԱ կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները խուսափելու նման ողբերգական դեպքերից։