Երևանում կայացել է «Յուվենտուս» ակադեմիաների շնորհանդեսը

Ներդրումների շրջանակում նախատեսվում է կառուցել նոր մարզադաշտ՝ միջազգային չափանիշներին համապատասխան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուսի» միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը:
ՀՀ կառավարության որոշմամբ «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությանը տրամադրվել է Ավանում գտնվող մոտ երկու հեկտար հողատարածք՝ 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով՝ 1 միլիարդ դրամի ներդրում կատարելու պայմանով։ Բացի այդ, ընկերությունը շուկայական արժեքով ձեռք է բերել ևս երկու հեկտար տարածք Հրազդան մարզադաշտի հարևանությամբ՝ 10 տարվա տարաժամկետ վճարման և հինգ տարվա ընթացքում 1.2 միլիարդ դրամի ներդրում կատարելու պայմաններով։
Նշված տարածքներում կբացվեն «Յուվենտուս» ակադեմիաները՝ նպատակ ունենալով զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում։
Երևանում կայացել է «Յուվենտուս» ակադեմիաների շնորհանդեսը