ԱԺ-ն ընդունեց ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը դյուրացնելու մասին փաստաթուղթը

ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Որոնման ընթացքում փաստաթղթերի շրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային հիմունքներով (և ոչ թե թղթային, ինչպես նախկինում):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Միջազգային հետախուզման շրջանակներում ԱՊՀ երկրների իրավապահների միջև փաստաթղթերի փոխանակումը թղթայինից կանցնի էլեկտրոնային եղանակի: ԱՊՀ-ի «Անձանց միջպետական հետախուզման մասին» համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը ՀՀ ԱԺ–ն ընդունվեց 93 կողմ ձայնով: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։
2010 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը սահմանում է ԱՊՀ երկրներից որևէ մեկի հարցմամբ հետախուզման ժամանակ իրավապահ մարմինների փոխգործակցության կարգը:
Այսուհետ հետախուզման ընթացքում փաստաթղթաշրջանառությունն իրականացվելու է էլեկտրոնային հիմունքներով՝ նախկին թղթայինի փոխարեն:
Ինչպես նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը, ԱՊՀ երկրներում Հայաստանի հարցումով 2024 թվականին հետախուզվել է ավելի քան 1200 մարդ: 2023 թվականին հետախուզվել է 867, 2022 թվականին՝ ավելի քան 1 400 մարդ։
Հայաստանի իրավապահներն իրենց հերթին 2022-24 թվականներին ԱՊՀ գործընկերների պահանջով փոխանցել են ավելի քան 700 անձ։