ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Այսպես է սկսվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի` Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձը։
Նախագահի խոսքով, չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին, Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։
«Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի Երրորդ Հանրապետության ստեղծում՝ դարձնելով Մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր»,–ասված է ուղերձում։
Նշվում է, որ ներկայում, ինչպես և 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։
ՀՀ նախագահը կարծում է, որ կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում՝ որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական։
«Թո՛ղ Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»,–ասված է Վահագն Խաչատուրյանի ուղերձում:
Հիշեցնենք` 1918 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից– խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։
Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։
Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։