Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ

Թրամփը հասկացրել է, որ հակամարտության կարգավորման հարցում նախընտրում է ճկունությունն ու քաղաքական հաշվարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ հանդիպմանը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Նա այդ մասին ասել է Սպիտակ տանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Կլինեմ, եթե անհրաժեշտ լինի»,- հայտարարել է Թրամփը` մեկնաբանելով Ժնևում հանդիպման հիպոթետիկ հնարավորությունը:
Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ իրավիճակը կարող է հստակեցվել արդեն առաջիկա շաբաթներին։
«Մենք կիմանանք շատ շուտով` երկու շաբաթվա ընթացքում»,-ասել է նա` պատասխանելով հարցին, թե հավատում է արդյոք, որ Ռուսաստանի նախագահը շահագրգռված է հակամարտությունն ավարտելու հարցում։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն կարող է փոխել իր վարքագիծը, եթե համարի, որ իր հետ «խաղում են» կամ մոլորության մեջ գցում:
Բացի այդ, նա բացատրել է հակառուսական պատժամիջոցների հարցում իր դիրքորոշումը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով` ինքը նոր սահմանափակումներ չի մտցնում Մոսկվայի դեմ, որպեսզի չխաթարի բանակցություններում հնարավոր առաջընթացը:
«Եթե ես կարծում եմ, որ մոտ եմ գործարքին, չեմ ուզում ամեն ինչ փչացնել։ Եվ հավատացեք` ես շատ ավելի կոշտ եմ, քան նրանք, ում մասին դուք խոսում եք»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է, բայց այն պետք է լինի պատվիրակությունների կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք։
«Պատրաստ ենք հունիսի 2-ին Ստամբուլում բանակցությունների 2-րդ փուլ անցկացնել». Լավրով