ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Առաջին հանրապետության փորձը, իր ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, կարևոր դաս է մեզ համար։ Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Առաջին Հանրապետության փորձը նաև հիշեցում է մեզ համար, որ այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին… Իսկ հայոց նոր պետականությունն արդեն 34 տարեկան է»,– նշել է նա:
Ըստ ՀՀ 3–րդ նախագահի` պետականություն ունենալը, առավել ևս` այն գործով արժևորելը, պահպանելն ու զարգացնելը խելացի, իրենց ուժը գիտակցող և ինքնության համար արժանապատվորեն պայքարող ազգերին տրվող շնորհ է:
Հիշեցնենք` 1918 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից– խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։
Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։
Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։