ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով խորհրդարանում, հաստատել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմեդ Սինվարը չեզոքացվել է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ի դեպքերից հետո շատերն ասում էին, որ մենք ուշքի չենք գա նման հարվածից, բայց ես հայտարարում էի, որ մենք փոխելու ենք Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանը, և դա այն է, ինչ մենք արել ենք։ Պատերազմի 600 օրվա ընթացքում մենք փոխեցինք Մերձավոր Արևելքը, արմատականներին հետ մղեցինք մեր տարածքներից, մտանք Գազայի հատված, ոչնչացրինք տասնյակհազարավոր զինյալների, ոչնչացրինք (Մուհամմեդ) Դեյֆին, Յահյու Սինվարին և Մուհամմեդ Սինվարին, ոչնչացրինք ահաբեկիչների ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ, վերահսկողության տակ վերցրինք Ֆիլադելֆիայի միջանցքը, Ռաֆահ անցակետը և Մորագ միջանցքը», - հայտարարել է Նեթանյահուն՝ խոսելով Իսրայելի ռազմական նվաճումների մասին։
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։