ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար գողանալու դեպքից հետո ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչությունում պաշտոնանկություններ են եղել, սակայն ոչ գլխավոր պաշտոններից։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
«ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ մայիսի 27-ի հրամաններով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության երկրորդ և չորրորդ վարչության պետերը՝ Վահան Ամիրխանյանը և Ռաֆայել Ղամբարյանը»,– գրում է կայքը։
Նշվում է, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի, նրա տեղակալ Հայկ Կատվալյանի պաշտոնանկության հարց առ այս պահը ՔԿ-ում չի բարձրացվել։ ՔԿ նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնանկության մասին հարց ևս չի քննարկվում։
Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ ոմն Էդգար Գրիգորյան մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։
Աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել, որոնցից մեկը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։
Գործի նախաքննությամբ պարզվել է, որ Էդգար Գրիգորյանը քննչական կոմիտեի շենք է մտել երկու անգամ, կերպարանափոխված, Գոռ Թադևոսյանի կողմից իրեն նախապես տրամադրված կեղծ փաստաթղթով ու պահատուփի բանալիներով։ Հափշտակված գումարը բաժանվել է մի քանի մասի ու տրվել տարբեր անձանց` հանցանքի հետքը կորցնելու համար։ Էդգար Գրիգորյանը հայտնաբերվել է դեպքից 3 օր անց։
Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` թե՛ Գոռ Թադևոսյանը, թե՛ Էդգար Գրիգորյանը տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված 590 000 դոլարի մի մասը՝ 578․800 դոլարը։ Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած 11 200 դոլարը հայտնաբերելու ուղղությամբ։