ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է խոշոր չափերով կաշառքի քրեական գործով նախաքննությունը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, ինչպես նաև երկու քաղաքացու։
Պարզվել է, որ Գ. Խ.-ն իր ծանոթ դատավորի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Զ. Ս.-ին վերաբերող քրեական գործով ձգձգումների դիմաց 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ։ Դատավորը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, միտումնավոր չի ուղարկել այն համապատասխան փորձագիտական հաստատություն՝ ստեղծելով գործի քննության արհեստական ձգձգում։ Այս մեխանիզմով նախատեսվում էր, որ հանցանքի վաղեմության ժամկետների լրանալուն զուգընթաց մեղադրյալը կազատվի քրեական պատասխանատվությունից։
Դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (դատավորի կողմից խոշոր կաշառք ստանալը), նրան օժանդակած Գ. Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (դատավորի կողմից խոշոր կաշառք ստանալուն հանցակցելը), իսկ Զ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալը):
Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործի նյութերը փոխանցվել են դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Մեր տեղեկություններով՝ խոսքը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասին է, որը մայիսի 1-ին կալանավորվել է 2 ամսով։