«Երևանյան երկխոսություն-2025» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում իր ելույթում արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Խաղաղության համաձայնագրի» մասին, նշեց, որ այդ մոդելը նաև իրապես կիրառելի կլինի այլ տարածաշրջանների համար ևս։
«Իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, նրբությունները, սակայն խաղաղություն հաստատելու և համագործակցության ու խաղաղության բաց դարաշրջան ձևավորելու այս ընդհանուր մոտեցումը հնարավոր է փոխանցել Ուկրաինային, Մերձավոր Արևելքին և այլ տարածաշրջաններին, որոնք կարիք ունեն արտաքին միջամտության կամ աջակցության»,-մանրամասնեց նախարարը։
Որքանո՞վ է կիրառելի Հայաստանի իշխանությունների նախաձեռնած «խաղաղության» մոդելը այլ հակամարտությունների պարագայում, հարցի վերաբերյալ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիատրկումներն է ներկայացրել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Հայ–ադրբեջանական կարգավորման ուսանելի մոդել գոյություն ուներ մինչև 44–օրյա պատերազմը, իսկ Հայաստանի խաղաղության մոդելը սողացող կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ է, որտեղ Հայաստանը, ուժային դիսբալանսի պայմաններում, տրված է Ադրբեջանի պարտադրանքին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։