Այդ գումարը պետք է փոխանցվեր դատախազության դեպոզիտային հաշվին.Ասլանյան

Sputnik
Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս բացահայտել էր քննչական կոմիտեից իրեղեն ապացույց ճանաչված 590 հազար դոլար հափշտակելու աղմկահարույց դեպքը։ Ըստ իրավապահների` գործել է հանցավոր խումբ, որի կազմակերպիչը եղել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, իսկ կատարողը` Էդգար Գրիգորյանը։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գրիգորյանը քննչական կոմիտեի շենք է մտել երկու անգամ, կերպարանափոխված, Թադևոսյանի կողմից իրեն նախապես տրամադրված կեղծ փաստաթղթով ու պահատուփի բանալիներով։ Հափշտակված գումարը բաժանվել է մի քանի մասի ու տրվել տարբեր անձանց` հանցանքի հետքը կորցնելու համար։ Էդգար Գրիգորյանը հայտնաբերվել է դեպքից 3 օր անց։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` թե՛ Գոռ Թադևոսյանը, թե՛ Էդգար Գրիգորյանը տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մի մասը՝ 578․800 դոլարը։ Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11200 դոլարը հայտնաբերելու ուղղությամբ, մանրամասնել է հակակոռուպցիոն կոմիտեն։
Դեպքից հետո շրջանառվեցին տարբեր կարծիքներ, թե ինչու է այդքան խոշոր գումարը մնացել քննչական կոմիտեի շենքում և չի հանձնվել ի պահ Կենտրոնական բանկին կամ փոխանցվել քննչական կոմիտեի դեպոզիտի հաշվին։
«Նման իրավիճակից խուսափելու համար, այդ գումարը պետք է փոխանցվեր դատախազության դեպոզիտային հաշվին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։