Վրաստանի վարչապետը դատապարտել է Թբիլիսիում Ռուսաստանի դրոշի հետ կապված միջադեպը

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը հանձնարարել է միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դատապարտել է Թբիլիսիում Ռուսաստանի դրոշի հետ կապված միջադեպը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Երբ դու հանդես ես գալիս մի քանի հազար մարդու առջև, նշանակություն չունի, թե ինչ դրոշ է մոտդ, նման արարքը չի համապատասխանում վրացական մշակույթին։ Դա ուղղակի անշնորհքություն է», - ասել է Կոբախիձեն վրացի լրագրողներին։
Հիշեցնենք` վրացի երգիչ Էրեկլե Գեցաձեն մայիսի 25-ին «Tbilisi Open Air» փառատոնում ելույթի ժամանակ պղծել է Ռուսաստանի դրոշը։ Միջադեպի տեսագրությունը վրդովմունքի ալիք է առաջացրել սոցցանցերում: Օգտատերերը պահանջել են հեռացնել Գեցաձեի երգերը ռուսական երաժշտական ծառայություններից։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Գեցաձեի քայլն անվանել է «այլանդակ արարք» և նշել, որ դրոշը կմնա դրոշ, անկախ նրանից, թե որ հոգեկան հիվանդը դրա հետ ինչ կանի: ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը հանձնարարել է միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցել։