ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Անգլիական Մերսիսայդ կոմսության ոստիկանությունը հայտնել է, որ 65 մարդ է տուժել Լիվերպուլում մարդկանց վրա մեքենայի վրաերթի հետևանքով:
«Մենք կարող ենք հաստատել, որ ընդհանուր առմամբ տուժել է 65 մարդ, նրանցից շատերին հիվանդանոցային օգնություն է անհրաժեշտ եղել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ոստիկանության ավագ տեսուչ Քարեն Ջոնդրիլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Իր հերթին ոստիկանության պետի օգնական Ջոնի Սիմսը հայտարարել է, որ 50 մարդ հոսպիտալացվել է: Նրանցից 11-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ, սակայն բոլորը կայուն վիճակում են։
Մայիսի 26-ին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը, որոնք տոնում էին «Լիվերպուլի» հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Վրաերթը կատարել է 53-ամյա մի բրիտանացի, որն ավելի ուշ ձերբակալվել է։ Ոստիկանությունից հայտնել են, որ վրաերթը ահաբեկչական գործողություն չեն համարում և կատարվածը դիտարկում են որպես առանձին միջադեպ։