Խուզարկություն Երևանի քաղաքապետարանում․ կան ձերբակալվածներ

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում այս պահին խուզարկություն է կատարվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ խուզարկությունն իրականացվում է կոմիտեի վարույթում քննվող և կաշառքին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում է։
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ապացուցողական գործողություններ են իրականացվում քաղաքապետարանում»,- հայտնեց Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ արդեն ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էր քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, մայիսի 15-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել էր 11 մարդ։ Նրանցից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էր։