Իրանի ղեկավարը Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների լավ արդյունքի հույս ունի

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Օմանի միջնորդությամբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների «լավ արդյունքների» հույս է հայտնել: Այս մասին նա հայտարարել է Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիքի հետ Մուսկատ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ, ուր Փեզեշքիանը ժամանել է երկօրյա այցով:
«Մենք շնորհակալ ենք բարեկամ և եղբայրական Օմանի կողմից բանակցությունների միջնորդության համար գործադրվող ջանքերի համար։ Հուսով ենք, որ այդ գործընթացը լավ արդյունքների կբերի»,-ասել է Իրանի նախագահը։
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Օմանի առաջարկած մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները: Առաջընթացը, իրանցի նախարարի խոսքով, հնարավոր կլինի մեկ-երկու փուլից հետո։
Միևնույն ժամանակ, հինգերորդ փուլից առաջ սրվել են կողմերի հակասությունները։ Այսպես, ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել է հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:
Ընդ որում, Իրանը հնարավոր է համարել ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին, որպեսզի ցուցադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: