Գիտնականները Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկներ են կանխատեսում

Գեոմագնիսական խանգարումների աղբյուրը պսակային անցքերն են, որոնք գոյացել են Արևի վրա մի քանի օր առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Վաղը երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկներ են սպասվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիային:
«Թույլ մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում վաղը՝ մայիսի 28-ին, արևային քամու արագության բարձրացման պատճառով»,-նշված է լաբորատորիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Լաբորատորիայում հստակեցրել են, որ գեոմագնիսական խանգարումների աղբյուրը մի քանի օր առաջ Արևի վրա ձևավորված պսակային անցքերն են, որոնք ներկայումս սկսում են ազդել Երկրի վրա։
Գեոմագնիսական անկայուն դրության շրջանը, գիտնականների հաշվարկների համաձայն, կտևի մինչև շաբաթվա վերջ։ Այս ընթացքում հնարավոր են գեոմագնիսական ինդեքսների նկատելի տատանումներ, որոնք երբեմն կարող են հասնել Kp=5-6 արժեքների, այսինքն՝ համապատասխանել թույլ և միջին փոթորիկներին:
Նշվում է նաև, որ պատկերն ավելի պարզ կդառնա վաղը, երբ արագ արևային պլազմայի հոսքերը կսկսեն հասնել Երկիր և հնարավոր կլինի անմիջականորեն չափել դրանց ջերմաստիճանն ու արագությունը: