ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 66 մլն 602 հազար դրամ (մոտ 173 հազար ԱՄՆ դոլար), որը ներառում է «Դվին» երաժշտական սրահում միջոցառման կազմակերպումը՝ լուսաձայնային տեխնիկական մասից մինչև շապիկների տպագրություն։ Պայմանագիրը հրապարակվել է պետական գնումների կայքում։
Համաժողովը մեկնարկել է երեկ, կշարունակվի նաև այսօր։
Պայմանագիրը, որը կնքվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Կարեն Բաղդասարյան» ԱՁ-ի միջև, նախատեսում է կոնցեպտի մշակում, բրենդինգի ստեղծում, անիմացիոն տեսահոլովակների պատրաստում։
«Երկխոսության» համար, ըստ պայմանագրի, «Դվինի» 20 էկրանների վրա պետք է լինեն լույսեր։
Հիշեցնենք` համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնակիցների թվում էին նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Համաժողովին մասնակցելու նպատակով երկօրյա այցով Երևան է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: