ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Չինաստանը կտրականապես հերքում է ռուսական ռազմական գործարաններին չինական արտադրանք մատակարարելու մասին մեղադրանքներն ու քաղաքական շահարկումները: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանը հստակ դիրքորոշում ունի Ուկրաինայի հարցում։ Մենք մշտապես հանդես ենք գալիս հրադադարի, պատերազմի ավարտի, խաղաղությանն աջակցելու և բանակցային գործընթացի առաջմղման օգտին», — ընդգծել է դիվանագետը։
Մաո Նինն ընդգծել է` Չինաստանը երբեք մահաբեր զենք չի մատակարարել հակամարտության կողմերից որևէ մեկին և խստորեն վերահսկում է կրկնակի նշանակության ապրանքների արտահանումը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք անհիմն մեղադրանքներն ու քաղաքական շահարկումները», - ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը:
Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, թե իբր հաստատված տեղեկություններ ունեն, որ Չինաստանը քիմիական նյութեր, վառոդ և այլ բաղադրիչներ է մատակարարել ռուսական 20 պաշտպանական ձեռնարկությունների համար։