ՌԴ–ն Ուկրաինային դեռևս չի փոխանցել կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագիծը. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Ռուս–ուկրաինական բանակցությունները շարունակելու վերաբերյալ հստակություն դեռևս չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանն Ուկրաինային դեռ չի փոխանցել կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագիծը, փաստաթուղթը նախապատրաստություն է պահանջում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը մայիսի 24-ին հայտնել էր, որ Ռուսաստանն առաջիկա օրերին Ուկրաինային կփոխանցի ուկրաինական կարգավորման վերաբերյալ հուշագրի իր մշակումները, աշխատանքներն ավարտական փուլում են:
«Հուշագրի ռուսական նախագիծը դեռ չի փոխանցվել։ Աշխատանքները շարունակվում են: Դա լուրջ նախագիծ է, լուրջ փաստաթղթի նախագիծ, այն պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում», - ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե արդյոք Կիևին փոխանցվել է կարգավորման մասին հուշագրի ռուսական նախագիծը։
Նա հավելել է, որ ռուս–ուկրաինական բանակցությունները շարունակելու և դրանց տեղի վերաբերյալ փոխըմբռնում դեռևս չկա, երկրորդ փուլին պատրաստվել է պետք:
Պեսկովը նշել է` Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային, որ իդեալական պայմաններ է ապահովել ստամբուլյան բանակցությունների համար, և հաստատել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մոսկովյան այցի ընթացքում կարծիքներ կփոխանակվեն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ինքը հավանություն չի տալիս Ուկրաինայում Ռուսաստանի վերջին գործողություններին և դիտարկում է ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, Պեսկովը հայտարարել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունում է այն որոշումները, որոնք անհրաժեշտ են պետության անվտանգության ապահովման համար»:
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ուկրաինական կողմի հետ խաղաղության հնարավոր ապագա պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ:
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։