ՀՀ–ն գնահատում է Վրաստանի քայլերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում

Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին Անկախության օրվա առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հայաստանը գնահատում է Վրաստանի կողմից իրականացվող քայլերը՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբերություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն և միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության և համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի»,– ասված է ուղերձում։
Փաշինյանը բարձր է գնահատել նաև Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ու փոխգործակցության խթանմանը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Վրաստանում կրկնակի տոն է։ Այդ օրը նշվում է Վրաստանի՝ 1918-ին ու 1991-ին հռչակված անկախության օրը։