Երևանում ավտոբուսը դիսպետչերական կետից առանց վարորդի շարժվել և հայտնվել է զրուցարանում

Տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ավտոբուսը հայտնվել է զրուցարանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել:
«Քիչ անց ըստ վարորդի հայտարարության ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթանում, բախվում բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրում մի քանի գազախողովակների հենասյուներ, ապա գազատար խողովակը, ինչից սկսվում է գազի արտահոսք, ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվում բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվում զրուցարանի մոտ»,–գրում է կայքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Երևանում 23 համարի երթուղու ավտոբուսի վթարից տուժածների թվում 2 անչափահաս կա
shamshyan.com–ի տվյալներով` պատկան մարմիններն արդեն ձեռնամուխ են եղել, որ կարճ ժամանակում վթարված գազախողովակը և խողովակասյուները փոխարինվեն նորով և տների գազամատակարարումը վերականգնվի: