ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ և բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վերջին անգամ ալ-Շարաան Թուրքիա էր այցելել ապրիլին և Անթալիայում մասնակցել դիվանագիտական ֆորումին:
Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցեր:
Բանակցություններին ներկա են եղել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը: Վերջինս անցած շաբաթ անձամբ է այցելել Դամասկոս:
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8- ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց իր պաշտոնը և լքեց երկիրը։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ստեղծված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի1-ը:
Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հռչակվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ։