Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2 տարեկան Տիգրանի մարմինը. ՆԳՆ

Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2 տարեկան Տիգրան Պետրոսյանի դին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,– գրել է նա։
Նշենք, որ մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և ոստիկանության շուրջ 800 ծառայող։
Պարեկները հայտնաբերել են Օշականում գետն ընկած երեխային. արձանագրվել է երեխայի մահը
Հիշեցնենք` 2 տարեկան Տիգրանը մայիսի 4–ին Մարմարիկ գետի ափին կորել էր և ծնողներն ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Այդ օրվանից Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, հրշեջ- փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ էին իրականացնում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասել էր, որ երեխային գտնելու համար նույնիսկ ուսումնասիրվել են տիեզերքից արված լուսանկարները, սակայն ընկերություններից հայտնել են, որ այդ տեղանքում արված ամենավերջին լուսանկարները ապրիլի 26-ի են, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան դեպքն է տեղի ունեցել։