ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և նրա առանցքային ուղերձը կլինի դաշնակիցներին ուղղված կոչը՝ զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը:
«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամպը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և կխոսի ֆինանսական բեռի բաշխման մասին: Նախագահը հստակ հասկացրել է, որ եվրոպական և կանադական դաշնակիցները պաշտպանական ծախսերի մակարդակով պետք է հավասարվեն Միացյալ Նահանգներին», - ասել է Ուիթաքերը՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում։
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն այժմ պաշտպանության վրա ծախսում է մոտ 550 մլրդ դոլար, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է Եվրոպայի և Կանադայի բոլոր դաշնակիցների համանման ծախսերը միասին վերցրած: Նա հույս է հայտնել, որ այդ հարաբերակցությունը կհավասարվի, և Եվրոպան զգալիորեն կավելացնի իր պաշտպանական բյուջեն։