Մրցույթներ, պղպջակներ, երաժշտություն․ հունիսի 1-ը տոնական է Երևանի կենդանաբանական այգում

Հունիսի 1-ին այգին կընդունի փոքրիկներին անվճար մուտքով ու բազմաբովանդակ ծրագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգում կկազմակերպվի տոնական միջոցառում՝ ժամը 11:00-ից 18:00-ը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ծրագիրը նախատեսում է նոր կենդանատեսակների ցուցադրություն, երաժշտական հատվածներ, ակտիվ խաղեր և թիմային մրցույթներ՝ անիմատորների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում այգու տարբեր հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտհերոսներ, կկազմակերպվեն պղպջակների շոու, ֆեյս-արթ, ինչպես նաև շրջայց կենդանաբանական այգով՝ ուղեկցությամբ հետաքրքիր պատմություններով։
Մինչև 15 տարեկան երեխաների մուտքն անվճար է։ Այցելուների համար «Երիտասարդական» մետրոյի կայարանից դեպի այգի կգործեն անվճար ավտոբուսներ։