ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց տանող խաչմերուկը չի հիմնանորոգվել, քանի որ մրցույթին հայտ չի ներկայացվել։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը` անդրադառնալով այսօր ավելի վաղ տեղի ունեցած բողոքի ակցիային։
«Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։ Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն»,–գրել է Կոստանյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 2 ժամ Արին Բերդի փողոցը բնակիչները փակել էին հայտնի «Տեցի կռուգը»՝ բողոքելով քարուքանդ ճանապարհից։
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հանդիպել էր ցուցարարների հետ և անձամբ տեղեկացրել չկայացած մրցույթի մասին։
Նա խոստացել էր ժամանակավորապես խորը փոսերը գոնե «տաշվածքով լցնել», ինչից հետո բողոքի ակցիան դադարեցվել էր։