Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը ապօրինի գործունեությամբ ստացել է 78 միլիոն դրամ

Բյուրականի աստղադիտարան
Հայկ Հարությունյանը մեղադրվում է լիազորությունների չարաշահման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրեն Հայկ Հարությունյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանից անձնական շահ ստանալու համար։
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, Հարությունյանը 2013 թվականին հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր և դրանով խախտել օրենքի այն դրույթը, որը արգելում է պետական կազմակերպության գործադիր ղեկավարին կատարել այլ վճարովի աշխատանքներ։ Օգտագործելով իր պաշտոնեական հեղինակությունը՝ նա կնքել է պայմանագրեր մասնավոր ընկերության հետ գիտատեխնիկական համագործակցության շրջանակներում։
Այս պայմանագրերի հիմքով ընկերությունը ԱՁ-ին փոխանցել է շուրջ 267 մլն դրամ, որից մոտ 78.5 մլն դրամը տնօրենի պաշտոնը զբաղեցրած Հարությունյանը վերցրել է իրեն։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական լիազորությունները չարաշահելը): Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է 19 մլն դրամ վնասը, իսկ մնացած գումարի դիմաց արգելանք է դրվել Հարությունյանի շարժական և անշարժ գույքին։
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։