Անհայտ անձինք Մոզամբիկի ափերի մոտ գնդակոծել են ռուսական «Ատլանտիդա» հետազոտական նավը

«Ատլանտիդա» հետազոտական նավը
Նավը մտել է մայրաքաղաք Մապուտուի նավահանգիստ, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի հարավաֆրիկյան Դուրբան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Անհայտ անձինք Մոզամբիկի ափերի մոտ գնդակոծել են ռուսական «Ատլանտիդա» գիտահետազոտական նավը: Տեղեկությունը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Մոզամբիկում Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Պոլինա Ժուկովան։
«Դեպքը տեղի է ունեցել մայիսի 10-ին, նավում գտնվող ռուսներից ոչ ոք չի տուժել: Սարքավորումներն են աննշան վնասվել։ Դրանից հետո նավը մուտք է գործել Մապուտուի նավահանգիստ, իսկ հետո ուղղություն վերցրել դեպի Հարավային Աֆրիկայի Դուրբանի նավահանգիստ», - ասել է նա։
Այսօր Մոզամբիկի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետական կառավարման և հանրային ծառայության նախարար Ինոսենսիու Իմպիսան հայտարարել է, որ իշխանությունը հետաքննում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կաբու Դելգադու նահանգի ափերի մոտ ռուսական «Ատլանտիդա» նավի վրա հարձակման հանգամանքները:
«Հետաքննություն ենք անցկացնում։ Կոնկրետ արդյունքներ ստանալուն պես մենք կտեղեկացնենք, կառավարությունը պարզաբանումներ կտրամադրի հանրությանը և միջազգային հանրությանը»,- նրա խոսքը մեջբերում է «Lusa» գործակալությունը։
«Ատլանտիդա» նավում գտնվող ռուսաստանցի մասնագետները օվկիանոսագիտության ազգային ինստիտուտի Մոզամբիկի գործընկերների հետ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ են իրականացրել Մոզամբիկի ջրերում: Տեղի կենսազանգվածի ուսումնասիրությունը Հյուսիսարևմտյան Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի արևմտյան մասին հարող երկրների (մեծ Աֆրիկյան արշավախումբ) տնտեսական գոտիներում լայնածավալ ուսումնասիրությունների մի մասն է, որոնք իրականացվում են 2024-2026 թվականներին: