Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում

Ստամբուլում կայացած ռուս–ուկրինական բանակցությունները. Արխիվային լուսանկար
Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ կիրակի եվրոպացի առաջնորդներին ասել է, որ կարող է այդ բանակցություններին ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին։
«Վատիկանում բանակցությունները, ենթադրաբար, կսկսվեն հունիսի կեսերին», - գրում է թերթը։
Ավելի վաղ Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջարկել էր Վատիկանում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։ Մեկնաբանելով Վատիկանի առաջարկը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հետագա բանակցությունների վայրի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես կարծում է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ Վատիկանում հանդիպում անցկացնելը հարմար կլինի հակամարտության երկու կողմերի համար էլ։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։