ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենա է այրվել, որի հետևանքով կա երկու տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 18:27-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Շահումյան փողոցում ընթացքի ժամանակ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով սրահում հրդեհ է բռնկվել, այնուհետև ավտոմեքենան բախվել է կայանած «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։42-ին, մարվել՝ 18:50-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։
Փրկարարները հոսանքազրկել են Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, կատարել հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ: