Կայքերում վաճառվող Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը կեղծ են, զգոն եղեք. ՀՖՖ

ՀՖՖ–ն հորդորում է զգուշանալ https://ticket-am.com/ և անհայտ ծագման նմանատիպ այլ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Սեպտեմբերի 6–ին Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներին հորդորում է զերծ մնալ համացանցում հայտնված այն կայքերից, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։Հայաստան - Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/ վաճառվող տոմսերը կեղծ են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Հայաստան – Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալացական ցանցերի էջերում, իսկ վաճառքն իրականացվում է բացառապես tickets.ffa.am կայքում:
ՀՖՖ–ն հորդորում է զգուշանալ https://ticket-am.com/ և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը: