Իսրայելն իր պատվիրակությանը հետ է կանչել Կատարից

Դոհա
Իսրայել են վերադառնում բանակցային խմբի բոլոր անդամները, այդ թվում` տեխնիկական հարցերով զբաղվող մասնագետները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իսրայելն իր պատվիրակությանը հետ է կանչել Կատարի մայրաքաղաք Դոհայից, որտեղ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ անուղղակի բանակցություններ էին ընթանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ-Կահիրա Ալ-Իհբարիա» հեռուստաալիքին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայել են վերադառնում բանակցային խմբի բոլոր անդամները, այդ թվում` տեխնիկական հարցերով զբաղվող մասնագետները: Նշվում է, որ երկրի իշխանությունները պատվիրակությանը հետ կանչելու որոշումը կայացրել են բանակցությունների ձախողման պատճառով։
Դոհայում ավելի վաղ կայացել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև խորհրդակցությունների մի քանի փուլեր: Մայիսի 20-ին Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հայտարարել էր, որ կողմերի դիրքորոշումների մերձեցման հասնել չի հաջողվել: Նրա խոսքով՝ կողմերի միջև մեծ անջրպետ կա, և վերջին շաբաթներին կայացած բանակցություններն արդյունք չեն տվել:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։