ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ հունիսին նախատեսված երևանյան այցը տեղի կունենա միջտարածաշրջանային համաժողովի նիստին զուգահեռ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Չի կարելի թերագնահատել այցերի և նշանակալի միջոցառումների դերը, ընթացիկ տարին հագեցած է դրանցով։ Վալենտինա Մատվիենկոյի առաջիկա այցը տեղի կունենա ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային հոբելյանական 10-րդ համաժողովի ֆոնին, որը ևս մեկ կարևոր տարր կդառնա մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», - նշեց նա։
Միրզոյանը հավելեց, որ Երևանը շահագրգռված է համատեղ հարթակներում հարաբերությունների խորացմամբ:
Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։
Ավելի ուշ Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների ու փորձագիտական հանրության առջև և Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:
Նախատեսվում է, որ Վալենտինա Մատվիենկոն Երևանում կլինի հունիսի 5-6-ը: