ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Լոս Անջելեսում ձերբակալվել է 13 մարդ, որոնք մեղադրվում են սպանությունների և խոշոր խարդախության, ինչպես նաեւ Amazon առցանց առևտրի հարթակի առաքման ենթակա 83 մլն դոլարի բեռներ գողանալու մեջ: Այս մասին հայտնում է ամերիկյան ABC 7 հեռուստաալիքի Eyewitness News («Լուրեր ականատեսներից») բաժինը:
ԱՄՆ դատախազության նյութերի համաձայն՝ Amazon-ի ապրանքների գողությունները կատարել է անդրազգային հանցավոր սինդիկատը, որի կազմում նաև հայեր են եղել, և որը «կապված է եղել ռուսական մաֆիայի հետ»:
Ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել՝ գրոհելով Լոս Անջելեսի արվարձան Սան Վալլիում գտնվող շենքը: Ձերբակալվածներից առգրավվել է մոտ 100 հազար դոլար, երեք զրահապատ մեքենա, հրազեն։
Ըստ գործի նյութերի՝ մեղադրյալ Արա Արտունին և նրա ընկերները Amazon-ում աշխատել են որպես առաքիչներ. նրանք ճանապարհին գողացել են բեռները: Բացի այդ, նրանք կեղծ ձեռնարկությունների անվանումներով վարկային քարտեր են բացել և գումար են գողացել։ Այնուհետև նրանց միջև սկսվել են վեճեր։
Արտունին մեղադրվում է Ռոբերտ Ամիրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ։ Վերջինս իր հերթին մեղադրվում է Արտունիի մերձավորներին առևանգելու և խոշտանգելու մեջ։
Ձերբակալվածներ Արտունիին և Ամիրյանին, ինչպես նաև Վահան Հարությունյանին, Լևոն Առաքելյանին և Իվան Բոխորկեսին սպառնում է 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում: