ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ազատ կարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։ Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
«Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվեց»,- գրել է Պետրոսյանը։
Կարոյանի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են վարչական հսկողությունը, 500 հազար դրամ գրավը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնավարման կասեցումը։
Պաշտպանը հույս է հայտնել, որ շուտով կդադարեցվի նաև քրեական հետապնդումը։
Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել է մարտի 4–ին կաշառքի գործով։ Նույն քրեական գործով շուրջ մեկ ամիս առաջ ձերբակալվել էին քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ, որոնցից չորսը կալանքի տակ են` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արամ Այվազյանը։