ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Մայիսյան գյուղի սկզբնամասում այսօր տեղի է ունեցել ավտովթար, կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկությունը ստացվել է այսօր ժամը 18:53–ին։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Ճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Kia» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա, իսկ վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։