ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը: Այս մասին հայտնել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Նա նշել է, որ նոր պատժամիջոցները սահմանվել են ռուսական «ստվերային նավատորմի» շուրջ 200 նավերի դեմ:
«Միջոցառումներն ուղղված են նաև հիբրիդային սպառնալիքներին և մարդու իրավունքներին։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները մշակման փուլում են։ Որքան երկար է Ռուսաստանը պատերազմ մղում, այնքան ավելի կոշտ է մեր պատասխանը», - X սոցիալական ցանցում գրել է Կալասը:
Ավելի վաղ պաշտոնյան նշել էր` Բրյուսելը հիասթափված է, քանի որ ԱՄՆ–ն Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում բավարար ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա: Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա զրույցին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել էր, որ ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա, եթե վերջինս «չհամաձայնի հրադադար հաստատել»:
Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփը մայիսի 19-ին ավելի քան 2 ժամ զրուցել են հեռախոսով։ ՌԴ նախագահը զրույցը որակել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար: