ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Իրանի խորհրդարանը՝ Մեջլիսը, համաձայնել է առաջնահերթության կարգով քննարկել ՌԴ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ICANA լրատվական գործակալությունը:
Նախօրեին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը շուտով կներկայացվի Իրանի Մեջլիսի հավանությանը: Երկու օր առաջ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մոջթաբա Զարեյին հայտնել էր, որ հանձնաժողովը հաստատել է Մոսկվայի և Թեհրանի ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը:
«Խորհրդարանի ներկայացուցիչները համաձայնել են առաջնահերթության կարգով քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրինագիծը», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Իրանի Մեջլիս էր ուղարկվել մայիսի սկզբին: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիի խոսքով՝ պայմանագիրն ակտիվորեն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը:
Պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթղթի համաձայն` կողմերը ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում խորացնել և ընդլայնել հարաբերությունները, անվտանգության և պաշտպանության ոլորտում ամրապնդել համագործակցությունը, սերտորեն համակարգել տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում գործունեությունը, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը: