Երևան է ժամանելու լեգենդար Վիկտոր Ցոյի որդին՝ մասնակցելու «Սիմֆոնիկ «ԿԻՆՈ»» համերգին

Համերգը տեղի կունենա մայիսի 25–ին, որի ժամանակ կկատարվեն Վիկտոր Ցոյի գլխավոր հիթերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Երևան է ժամանելու լեգենդար Վիկտոր Ցոյի որդին՝ Ալեքսանդր Ցոյը` մասնակցելու «Սիմֆոնիկ «ԿԻՆՈ»» համերգին։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման ժամանակ այս մասին ասել է Վիկտոր Ցոյի երգերի հայ կատարող Արմեն Ցոյ Սարգսյանը։
Հաղորդման ժամանակ նա պատմել է, որ Ցոյի որդուն երկար ժամանակ հետապնդել է հոր համբավը, և նա դժվարությամբ է կարողացել գտնել իր ուղին, իր ոճը։
«Նա ասում էր` ես ոնց որ թե ես չլինեմ, քանի որ ինձ ճանաչում են որպես Ցոյի որդի։ Այդ մտքերը երկար ժամանակ են իրեն անհանգստացրել, սակայն նա իր մեջ ուժ է գտել ու որոշել ապրել այդ ամենով, ընդունել իրականությունը»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` Ալեքսանդր Ցոյը չի կտրվել իր ընտանիքից, այլ բոլոր հնարավոր առիթներով փորձում է մասնակցել հոր ստեղծագործությունների հեղինակային իրավունքների հետ կապված տարբեր հարցերի քննարկմանն ու լուծմանը։
Սարգսյանը նշեց նաև, որ Ցոյի որդին որպես երաժիշտ հանդես չի գալու համերգի ժամանակ, սակայն անմիջական մասնակցություն է ունենալու այդ միջոցառմանը. բեմի ամբողջ վիզուալ ձևավորման գաղափարն ու էկրանավորման լուծումները նրա գաղափարն են լինելու։
Համերգը տեղի կունենա մայիսի 25–ին, որի ժամանակ կկատարվեն Վիկտոր Ցոյի գլխավոր հիթերը։