ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ԱԴԾ-ն Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մարիուպոլում նացիստական զավթիչների հանցագործությունների մասին փաստաթղթեր է գաղտնազերծել։
«Ուկրաինայի նեոնացիստներից Մարիուպոլի ազատագրման օրը Ռուսաստանի ԱԴԾ-ն գաղտնազերծել է արխիվային նյութեր, որոնք արտացոլում են Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ գերմանաֆաշիստական զավթիչների և նրանց հանցակիցների կողմից քաղաքին հասցված վնասը»,-ասված է ՌԴ ԱԴԾ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գաղտնազերծված փաստաթղթերում տվյալներ կան քաղաքի ոչնչացված ենթակառուցվածքների քանակի մասին։ Նացիստները այրել են 1593 տուն, ոչնչացրել են 48 դպրոց, 101 գրադարան և բոլոր բժշկական և մշակութային հաստատությունները։ Գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են Իլյիչի անվան գործարանը և «Ազովստալը»։
Գերատեսչությունում նշել են, որ գերմանաֆաշիստական զավթիչները գազանաբար հաշվեհարդար են տեսել խաղաղ բնակչության և կարմիրբանակային ռազմագերիների հետ։ Այսպես, 1943-ի փետրվարին գերմանացիները հիվանդ և վիրավոր զինվորներին փակել են 18 բեռնատար վագոններում, տեղափոխել են Հին Ղրիմի փակուղի և սառեցրել: Վագոնների վրա նացիստները «Չմոտենա՛լ, վարակված է» գրություն էին թողել, որպեսզի տեղի բնակչությունը օգնություն չցուցաբերի զոհերին։